Posted in Հասարակագիտություն, Պատմություն

Գևորգ Չաուշի մասին

Related image

Գևորգ Չաուշ (Գևորգ Արոյի Ղազարյան), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մըկթենք գյուղում։
Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնք են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը: Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։
Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20կմ և հասնում Ծիր-Կատար։
Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։
Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։
Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ունեցվածքը։

Գևորգ Չաուշը եղել է այն ֆիդային, ով բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ ամուսնացել է։
Չաուշի հայտնի խոսքը, ուղղված իր կնոջը՝ Եղսոյին.
«Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է: Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում: Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփիր որտեղ էլ լինի: Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել»:

1907 թվականին թուրքերի հետապնդումներից ֆիդայիները փախչելով՝ գալիս են Մշո դաշտի Սուլուխ գյուղ։ Ֆիդայիները 3 օր մնում են այդտեղ և նույնիսկ պահակ չեն նշանակում։
Մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը։ Սուլուխը մարտ վարելու համար նպատակահարմար վայր չէր, քանի որ ոչ մի սար չկար, այլ ամբողջը հարթավայր էր։
Ֆիդայիները ստիպված էին մարտնչել։ Անհավասար կռիվ է սկսվում։ Գևորգը Գալեի հետ բարձրանում է տան տանիք և այնտեղից է կռվում։ Օրվա առաջին կեսը հայերը լավ դիրքերում էին։ Կռվի ընթացքում զոհվեց Գալեն, իսկ քիչ անց փչացավ Գևորգի հրացանի զսպանակը։ Մինչ Գևորգը հրացանը կարգի էր բերում, թշնամու գնդակը դիպավ նրա ծնկին և անցավ թիկունքի միջով։
Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա։

Գևորգ Չաուշը չափազանց համեստ մարդ էր, չէր սիրում իր մասին խոսել և չէր կարողանում տանել, երբ իրեն գովում էին: Հարաբերությունների մեջ բացառիկ հասարակ էր, պարզ ու շիտակ, իշխանություն ցույց տալու կամ ձևանալու թշնամի էր: Ոչ մի ձգտում չուներ իշխանություն ունենալու, մանավանդ, առաջին դեմք լինելու: Նա քաղաքական ճամարտակությունների ու բանսարկությունների կատաղի թշնամի էր, տանել չէր կարողանում «կուսակցություններ խաղացող» եսասերներին: Նա զինվոր էր, մարտիկ և իր կյանքը անմնացորդ նվիրել էր իր ժողովրդի ազատագրությանը: Նրա կյանքի բարձրագույն նպատական էր. «Լաո, լիներ Հայաստան, ես բոստան ցանեի, դու հյուր գայիր, և ես վարունգ հյուրասիրեի»: Նա չէր սիրում նաև իր մասին հորինված երգերը, և երբ այդ երգերը երգում էին, ասում էր. «Իմ վրա երգեր մի կապեք: Ես բոստանչու տղա բոստանչի եմ: Ինձ բահ տվեք»:

Գևորգի համար ամենաշռայլ ու ամենացանկալի բանը պարն էր: Եվ երբ տրամադրությունը լավ էր լինում, նա պարի էր քաշում իր ընկերներին ու պարում էր ինքնամոռաց, պարում ողջ էությամբ:

Երբ կռվի մեջ չէր, Գևորգը աշխարհի ամենախաղաղ ու ամենահամեստ մարդն էր, իսկ երբ կռիվ էր, նա կերպարանափոխվում էր: Կռվում նա տիրակալ էր, առյուծ, որ իր կեցվածքով բոլորին հարկադրում էր իրեն ենթարկվել: Նա նեղ օրվա, չարքաշ կյանքի մարդ էր: Օրերով սոված ու ծարավ էր մնում, անմռունչ դիմանում սառնամանիքներին, բնության բոլոր արհավիրքներին, և երբ ընկերները չէին դիմանում ու տրտնջում էին, ասում էր. «Հայդուկի բախտն է այդպես: Եթե հայդուկ ես, դիմացիր»:

Աղբյուրը՝

ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ

Leave a comment