Posted in Պատմություն

Պատմություն հունվարի 29- փետրվարի 5 առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ազատագրական պայքարը 5-րդ դարում

  • Այս թեմայում՝
  •  Պարսկաստանի նոր քաղաքականությունը:
  • Վարդանանք:
  • Հանուն սեփական հավատքի մղված մեծ ճակատամարտը:
  • Կրոնափոխության քաղաքականության նոր միջոցները:
  • Վարդանանց գործի շարունակող Վահանանք:
  •  Հայոց պատմության ամենանշանավոր պայմանագրերից մեկը:
     Պատմաբանի բառարան՝ ինքնավարություն,
    մարզպանություն, աշխարհագիր, մարզպան, հավիտյանս հավիտենից, կեղծուրացություն, մոգ, ատրուշան, միաբանություն, ուխտապահ, թև,
    անձնային հատկանիշ, հասարակական կյանքի ոլորտներ, արիներ:

Բառերի բացատրություն

Հավիտյանս հավիտենից –ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակըմիշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն

Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել

Ինքնավարություն –ինքնիշխանություն, ներքին օրենսդրության ու կառավարման գործերի ինքնուրույն կերպով վճռելու և տնօրինելու իրավունք
Մարզպանություն –մարզպանի կառավարման երկրամասը
Մարզպան –պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում
էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի կառավարիչ

 ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻՑ Հետո

Արշակունիների թագավորության անկումից հետո Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը:Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնուրույնություն էին վայելում, իսկ Հայաստանը մյուս մարզպանություններից ավելի լայն իրավունքներ ուներ: Սասանյան Պարսկաստանը այս վիճակին երկար չէր կարող համակերպվել: Անհանդուրժողական քաղաքականությունը սկսվեց պարսից արքա Հազկերտ II-ի օրոք, ով ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։


Պարսից արքան ծանրացնում է Հայաստանի տնտեսական դրությունը

Պարսկական կառավարությունն ավելացրեց հարկերը: Այդ նպատակով Հայաստան ուղարկված Դենշապուհ անունով պարսիկ պաշտոնյան անցկացրեց աշխարհագիր, որպեսզի ոչ ոք չկարողանա խուսափել հարկերից: Հայաստանում գտնվելու ընթացքում Դենշապուհը նաև հետախուզեց հայ իշխանների դրությունը, նրանց տրամադրությունները տարբեր հարցերի վերաբերյալ։ Աշխարհագրի անցկացումից հետո պարսից կառավարությունը կրկնապատկեց հարկերը՝ ծանրացնելով ժողովրդի տնտեսական դրությունը:
Լիակատար վերահսկողության հասնելու համար Ամատունիներից վերցվեց հազարապետության գործակալությունը և հանձնվեց պարսիկ պաշտոնյայի: Եկեղեցին նույնպես հարկատու էր և զրկված էր դատական
իշխանությունից, իսկ մարզպան Վասակ Սյունին հեռացվեց իր պաշտոնից: Փաստորեն, պարսկական կառավարության՝ Հայաստանում լիակատար իշխանության հաստատման ծրագրի առաջին մասը հեշտությամբ իրագործվեց:
Ամփոփենք՝
1.Սասանյանները հստակ տեղեկություններ ունեին
հայերի թվաքանակի, հայ նախարարների շրջանում
տիրող տրամադրությունների մասին:
2.Հայաստանում բոլորն անխտիր, ներառյալ հոգևորականությունը, հարկատու էին:
3. Կարևոր գործակալությունները և մարզպանությունը
այլևս հայ նախարարներին չէին պատկանում:
Սասանյան Պարսկաստանի հոգևոր-մշակութային քաղաքականությունը Հայաստանում
Տնտեսական ճնշում ներից հետո Հազկերտն անցավ ամենակարևոր խնդրին՝ կրոնափոխության քաղաքականությանը, որի նպատակն էր հայ ժողովրդին կտրել ձևավորված և ամուր հիմքերի վրա դրված ինքնությունից: Այս քաղաքականության իրականացման առաջին քայլը Հազկերտի կրոնափոխության հրովարտակն էր, որն ուղարկվեց Հայաստանի, Վիրքի
և Աղվանքի իշխաններին 449 թ.: Հազկերտը իշխաններից պահանջում էր դրական պատասխան տալ հրովարտակին կամ ուղևորվել Տիզբոն՝ հրապարակային դատի: Արտաշատ քաղաքում հայոց կաթողիկոս Հովսեփ
Վայոցձորցու և նախարարների ջանքերով ժողով հրավիրվեց։ Ժողովի ընթացքում շարադրվեց պատասխան նամակը Հազկերտին։ Սասանյան արքունիք ուղարկված պատասխան նամակը խստորեն մերժում էր
Հազկերտի առաջարկը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց հավատարիմ մնալ հայրենի արժեքներին և հավատքին: Սա, բնականաբար, Հազկերտի զայրույթն առաջացրեց, և նա Տիզբոն կանչեց նախարարներին:
Տասը հայ նախարարներ, որոնց թվում էր նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանը, 450 թ. ապրիլին հասան Տիզբոն: Այստեղ Հազկերտը նախարարներին նորից առաջարկեց կրոնափոխ լինել՝ հակառակ դեպքում
սպառնալով սպանել նրանց, ընտանիքներին վերացնել և Հայաստան ուղարկել մեծ զորք: Մինչ մյուս նախարարները մտածում էին, թե ինչ պատասխանեն իրենց սպառնացող պարսից արքային, առաջ է գալիս Վարդան Մամիկոնյանը և, խիստ պատասխան տալով Հազկերտին, հայտարարում, որ իր համար առավել լավ է մեռնելը, քան սեփական կրոնից հրաժարվելը։ Սակայն այստեղ միջամտում են մյուս հայ նախարարները և պարսից արքային խնդրում՝ մեկ օր ժամանակ տալ իրենց մտածելու համար։ Հազկերտը համաձայնում է։
Նախարարները մինչ հաջորդ օրը անդադար համոզում էին Վարդան Մամիկոնյանին, որ նա իրենց հետ կեղծաբար ուրանա քրիստոնեությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և գլխավորել պայքարը
Հազկերտի դեմ։ Եթե այդպես չվարվեին, մտածում էին նրանք, ժողովուրդը կզրկվի իր առաջնորդներից և չի կարողանա ինքնակազմակերպվել։ Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը համաձայնում է։ Մեկ օր հետո հայ նախարարները ստիպված դիմում են կեղծուրացության. նրանք հայտնում են Հազկերտին,
թե իբր հրաժարվել են քրիստոնեությունից և պատրաստ են կատարել նրա կամքը։ Ուրախանալով տեղի ունեցածից՝ Հազկերտը նրանց պաշտոնները վերականգնում է և ետ ուղարկում իրենց երկիրը՝ մոգերի և պարսկական
զինված ջոկատների ուղեկցությամբ, որպեսզի սկսեն զրադաշտականության տարածումը հայ ժողովրդի շրջանում։ Միևնույն ժամանակ, Հազկերտը
ապահովության համար պատանդներ է թողնում իր մոտ, որոնց թվում էին նաև մարզպան Վասակ Սյունու երկու որդիները։
Այսպիսով՝ հայ նախարարները մոգերի ուղեկցությամբ վերադառնում են Հայաստան՝ կրոնափոխության ծրագիրն իրականացնելու համար:


Մեծ պատերազմի սկիզբն ու ընթացքը
Մինչ նախարարները և մոգերը կհասնեին Հայաստան, այստեղ հոգևորականությունը ժողովրդի հետ մեկտեղ ընդդիմացավ ատրուշաններ հիմնելու պարսից քաղաքականությանը: Սկսվեց համաժողովրդական շարժում ընդդեմ պարսից քաղաքականության և ի պաշտպանություն քրիստոնեության: Երբ մոգերը հասան Անգղ գյուղաքաղաք և փորձեցին ատրուշան հիմնել, այստեղ շինականները, Ղևոնդ երեցի գլխավորությամբ, բահերով ու բրիչներով դուրս արեցին նրանց իրենց բնակավայրից: Նույն կերպ արձագանքեցին նաև
Զարեհավանում: Համոզվելով, որ իրենց նպատակն անիրագործելի է, մոգերը մտածում էին միայն անվնաս իրենց երկիր վերադառնալու մասին։ Հայաստան վերադառնալով՝ առերես կրոնափոխ եղած նախարարները ստանձնեցին համաժողովրդական ապստամբության ղեկավարությունը:


Վարդանանք
Պատմիչները նշում են, որ Հայաստանի բոլոր նախարարները՝ քահանաների ու ժողովրդի բազմությամբ, հավաքվեցին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը և հաստատեցին անխախտ միաբանություն համատեղ պայքարի համար։ Այնուհետև գալով Սյունյաց իշխան Վասակի՝ Հայոց մարզպանի մոտ, նրան հայտնեցին իրենց միահամուռ որոշումը միավորվելու
մասին: Հայոց մարզպան Վասակը թեպետ չէր կամենում, սակայն հարկադրված միաբանեց նրանց հետ: Հայոց նախարարները եպիսկոպոսներին ու երեցներին
հրամայեցին բերել Ավետարանը, ապա ազատների և անազատների զորքերի ամբողջ բազմությունը, Սյունյաց իշխան Վասակի և բոլոր նախարարների հետ,
երդվեցին հավատարիմ մնալ միասնականության ուխտին: Միաբանական ուխտը խախտողը ենթարկվելու էր մահապատժի։
Հայկական զորքերը սկսեցին պայքարը հանուն հայրենիքի ազատագրման: Շուտով նրանց ձեռքն անցան Արտաշատն ու Վանը, անառիկ ամրոցներ Գառնին ու Արտագերսը: Հայաստանը դարձավ փաստացի անկախ:
Հազարապետ դարձավ Վահան Ամատունին, մաղխազ՝ Խորեն Խորխոռունին:
Չնայած այս հաջողություններին և մեծաքանակ աշխարհազորայինների աջակցությանը՝ Վարդան Մամիկոնյանը անհրաժեշտ համարեց ռազմական օգնություն խնդրել Բյուզանդիայից: Այստեղ նոր գահ բարձրացած Մարկիանոսը մերժեց զորք տրամադրել հայերին և նախընտրեց հավատարիմ մնալ Բյուզանդիայի և Սասանյանների միջև 422 թ. կնքած խաղաղության պայմանագրին: Պարզ դարձավ, որ հայերը հետագա գործողություններում մնում էին միայնակ և հույսը պետք է դնեին միայն իրենց միաբանության վրա:

Leave a comment